Հայոց բանակում զոհերի «պատմական մինիմում» արձանագրելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2019թ․ հայտնի գրառումից մինչ օրս բանակում զինծառայողների մահվան դեպքերի ցուցանիշը միմիայն ավելանում է։
2023 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում (հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում) արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 37 և ծառայության հետ չկապված 16 մահվան դեպք։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 17 և ծառայության հետ չկապված 18 մահվան դեպք:
Ըստ զինդատախազության տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արձանագրված ծառայության հետ կապված մահվան դեպքից 13-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ են, 1-ը՝ սպանություն, 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 4-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 15-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահվան դեպք (խմբ․ խոսքը Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի մասին է):
Նշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է 18 քրեական վարույթ:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 16 դեպք, որոնցից 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներ, 5-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 2-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքեր:
Նշված դեպքերից 2-ով (1-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթար, 1-ը՝ ինքնասպանություն) քրեական վարույթներ են նախաձեռնվել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժինների կողմից, մյուսներով վարույթները զինվորական իրավապահ մարմինների կողմից չեն իրականացվել:
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե 2019-ին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Ըստ տվյալների՝ այդ տարի ՀՀ և ԱՀ Զինված ուժերում արձանագրվել էր զինծառայողի մահվան 49 դեպք։ Մինչդեռ վերջին երեք տարիներին բանակում մահվան դեպքերի ցուցանիշը շարունակում է աճել։ Այսպես․ 2020-ին, 44-օրյա պատերազմի զոհերը չհաշված, ԱՀ և ՀՀ զինված ուժերում գրանցվել է մահվան 101 դեպք (ծառայության հետ կապված` 60 և չկապված` 41)։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք, որից 42-ը՝ ծառայության հետ կապված, 32-ը՝ չկապված։ 2022-ին գրանցվել է ընդհանուր 64 դեպք․ պաշտոնական տվյալներով՝ ևս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետևանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը